Ինչպես սկսվեց ճանապարհը տուրիզմում
Տուրիզմի ոլորտ Մարինան մուտք գործեց 2015 թվականին՝ աշխատելով մեկ այլ տուրիստական գործակալությունում։ Այդ երեք ամիսները դարձան շրջադարձային։ Լեզվաբան-թարգմանչի մասնագիտությունը այստեղ ստացավ իր ամբողջական կիրառությունը։
Ուսանողական տարիներին խորքային կերպով ուսումնասիրված տարբեր երկրների երկրագիտությունը, պատմությունը, մշակույթը, խոհանոցը, լեզվամտածողությունը և ավանդույթները դարձան ամենօրյա աշխատանքի կարևոր գործիքներ։ Անգլերենի, ռուսերենի և մասամբ իսպաներենի իմացությունը տուրիզմում վերածվեց իրական արժեքի։
Առաջին հաճախորդը և առաջին հաղթանակը
2015 թվականի ամռանն էր, երբ Մարինան ստացավ իր առաջին պատվերը՝ Գերմանիա մեկնելու հարցով։ Մինչ այսօր նա հիշում է, թե ինչպես մեծ պատասխանատվությամբ, ինքնուրույն ուսումնասիրելով դեսպանատան կայքը, հավաքում էր անհրաժեշտ փաստաթղթերը։
Վեց օր անց ստացված դրական պատասխանը դարձավ ոչ միայն հաջողված վիզա, այլ առաջին վստահ քայլը տուրիզմի ոլորտում։
Զվարճալի և անմոռանալի պատմություն
2017 թվականին երգիչ Արամեի հետ համագործակցող պրոդյուսերներից մեկը՝ լուսահոգի Ալիկ Հակոբյանը, պատվիրեց ավիատոմսեր դեպի Ռուսաստան՝ 12 անձի համար։ Առանձնահատուկ շեշտվեց, որ Արամեի համար պարտադիր է բիզնես դասի տոմս, քանի որ էկոնոմ դասում նրա ոտքերը պարզապես չէին տեղավորվի։
Արամեի ուղարկած թեյավճարով Մարինան անմիջապես գնեց իր սիրելի երգիչ Դաթոյի մենահամերգի տոմսը, ինչի պատճառով այս պատմությունը մինչ այսօր առանձնահատուկ տեղ ունի նրա հիշողության մեջ։
Ամենաանսպասելի հարցումը
Տուրիզմում ամեն ինչ հնարավոր է, սակայն ամենաանսպասելի հարցումներից մեկը եղել է՝ 6 անձի համար Երևան–Լոս Անջելես երկկողմանի ավիատոմս՝ 800,000 դրամով։
Aquamarine Travel երեք բառով
Վստահելի։ Հաճախորդամետ։ Պունկտուալ։
Ինչն են գնահատում հաճախորդները
Հաճախորդները ամենաշատը գնահատում են հոգատար մոտեցումը, հետևողական աշխատանքը, անհատական և ճիշտ խորհրդատվությունը, ինչպես նաև հաճելի անակնկալներ մատուցելու ավանդույթը։
2026 թվականի կանխատեսումներ
Մարինայի կարծիքով՝ առաջիկա տարում թրենդային կդառնան Ճապոնիան, Հարավային Ամերիկան և հատկապես կրուիզային ճամփորդությունները։
Արժանի ուղղություններ
Եվրոպական երկրները շարունակում են մնալ ուշադրության արժանի ուղղություններ՝ իրենց բազմազան մշակույթով, պատմությամբ և ճամփորդական հնարավորություններով։
Խորհուրդ առաջին անգամ ճամփորդողներին
Մարինան խորհուրդ է տալիս օգտվել միայն բանիմաց մասնագետներ ունեցող տուրիստական գործակալություններից, որպեսզի ճամփորդությունը ձևավորվի բացառապես դրական հիշողություններով։
Ինչ կփոխեր ոլորտում
Եթե հնարավորություն ունենար, ոլորտից դուրս կմղեր այն գործակալությունների հիմնադիրներին, որոնք չունեն համապատասխան որակավորում և բարձրագույն կրթություն։
Ինչ նորություններ սպասել Aquamarine Travel-ից
Առաջիկայում հաճախորդներին սպասում են կրուիզային գայթակղիչ ուղղություններ՝ մատչելի արժեքներով։
FlyFrom.am-ը շարունակում է ներկայացնել իր գործընկերներին՝ իրական պատմություններով, որպեսզի ձեր հաջորդ ճանապարհորդությունը սկսվի վստահ ընտրությունից։